Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Աշխատակազմի ղեկավարի պահմտոցին և այլ թնջուկներ

Աշխատակազմի ղեկավարի պահմտոցին և այլ թնջուկներ
26.12.2017 | 10:43

Աշնանային մի տամուկ օր, ավելի ստույգ, նոյեմբերի 27-ին ՀՀ առողջապահության նախարարությունը, ի դեմս նշյալ նախարարության առողջապահական տեսչական մարմնի պետի տեղակալ Արտաշես Ջավադյանի, գրություն է հղում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար տիար Վահե Ստեփանյանին։ Գրության մեջ, ի մասնավորի, ամրագրվում է ահա սա. «Հրավառություններից, պայթուցիկների գործածությունից առաջացած աղմուկը համարվում է ազդակային և իր ազդեցությամբ մարդու առողջության համար ամենավտանգավորներից։ Այդպիսի աղմուկը կարող է բացասաբար ազդել բնակչության հատկապես առավել զգայուն խմբերի` երեխաների, ծերերի, հղի կանանց, առողջական խնդիրներ ունեցող անձանց նյարդային, սրտանոթային, էնդոկրին, լսողական համակարգերի վրա։ Հանգստի և քնի ժամանակ աղմուկի բացասական ազդեցությունն ավելի զգալի է։ Միևնույն ժամանակ հայտնի է, որ աղմուկը համարվում է ամենահզոր սթրեսային գործոններից մեկը»։


Նշյալ լիկբեզից հետո տիար Ջավադյանը մի քանի առաջարկություն է ներկայացնում կառավարությանը` ի դեմս տիար Ստեփանյանի, որոնցից հատկանշական է ահա սույնը. «Քննարկել հասարակական վայրերում հրագործական արտադրատեսակների օգտագործման ՀՀ կառավարության 2012-ի օգոստոսի 9-ի թիվ 1000-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով սահմանված տոն օրերին հրավառություններ կազմակերպելու ժամերը «Ժամը 23.00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 01.00-ը փոխարինել «ժամը 21.00-ից մինչև 23.00-ը»` հաշվի առնելով բնակչության առավել զգայուն խմբերի, հատկապես երեխաների, ծերերի, առողջական խնդիրներ ունեցող անձանց կարիքները` հրավառությունների բացասական ազդեցությունն առավել նվազեցնելու նպատակով»։


Ամենայն հավանականությամբ տիար Վահե Ստեփանյանը սկզբունքորեն այլ տեսակետ ունի և ներքուստ համոզված է, որ պայթուցիկների գործածությունն ու հրավառությունները միանգամայն դրական ազդեցություն են գործում` ա) առողջական խնդիրներ ունեցողների, բ) մանուկների և ծերերի, գ) հանգստացող ու քնած մարդկանց վրա։ Ներքին համոզմունքը վերածվում է արտաքին գործունեության, կառավարության հետագա 4 նիստերում առողջապահության նախարարության առաջարկը չի ներկայացվում քննարկման։ Երեք օր անց` դեկտեմբերի 28-ին, ՀՀ կառավարության 2017-ի վերջին նիստն է։ Այս հրատապ խնդիրը կներկայացվի քննարկման, թե ոչ, կտեղեկանանք առաջիկա հինգշաբթի օրը։ Սակայն մինչև հինգշաբթի մի քանի օր դեռ կա, և արժե խորհել ահա թե ինչի շուրջ։ Տեսեք, ՀՀ առողջապահության նախարարությունը գտնվում է Հայաստանում, ներկայացնում է երկրի առողջապահական համակարգի խնդիրները և, բնականաբար, նրա ահազանգը պետք է ՀՀ կառավարությունն ընդունի որպես վերին հրահանգ, որը ենթակա է անհապաղ կատարման։ Չի կատարվում։ Անտեսվում է խարդախորեն։ Ինչու՞, որտե՞ղ է թաղված հրավառապայթուցիկային շան գլուխը։ Սակայն եկեք լինենք սթափ և, մի կողմ դնելով այս չարորակ թնջուկի բացահայտումը, խնդրի կարգավորման (այստեղ` կառավարությանը կարգի հրավիրման) գերնպատակով դիմենք ՀՀ կառավարության գործադիր (իմա` ՀՀ նախագահ) և օրենսդիր (իմա` ՀՀ ԱԺ) վերադասին։

Մութն ընկնելուն պես և մինչև լուսաբաց դղրդում են այն թաղամասերը, որոնց տարածքում հանգրվանել են զվարճանքի համալիրները։ Զորօրինակ, Նոր Նորքի 1-ին և 2-րդ զանգվածները, Հրազդանի կիրճի հարևանությամբ բախտավորված Այգեձոր թաղամասը, Կիևյան փողոցը, Աջափնյակ վարչական շրջանը և այլն, և այսպես շարունակ։
Նոր Նորքի 8-րդ զանգվածում ռեստորաններ չկան։ Կա հակահանրային անհատ տականքի կամքը` ճիշտ կեսգիշերից հետո հրավառել և քնից հանել առնվազն մի քանի հազար մարդու։

ԶԱՎԵՇՏԸ ԱՓԵԱՓ Է ԽՓՎՈՒՄ ԵՎ ԹԱՆՁՐԱՆԱԼՈՎ ՎԵՐԱԾՎՈՒՄ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ


Մեր բակում (ինչպես շատ այլ բակերում) ոստիկանական հենակետ կա։ Ոմն տկարամիտ լուսաբացից առաջ, բարձր երաժշտության ուղեկցությամբ, պարբերաբար ներխուժում էր բակ, և ոստիկանի ազդու հրահանգից հետո, հավատացեք, իսպառ անհետացավ։ Սակայն, երբ մեկ այլ ստահակ ժամը 23.00-ից հետո հրավառում է միջավայրը, պահակակետը լռում է։
Պայթուցիկնե՜րը։ Երեք-չորս անչափահաս, մի այդքան էլ խակ պատանյակ, Ամանորի տոներին դղրդացնում են բակ ու նրբանցք, զբոսայգի և բազմաբնակարան շենք։ Որևէ մեկը չի իջնում բակ, չի մտնում նրբանցք և չի ոլորում ստահակի ականջը։

Ի դեպ, մի նրբախաղ է առկա. հրավառությունը կկատարվի մինչև 23.00-ն, թե 19.00-ից մինչև 22.00-ն, միևնույն է, դրա սպանիչ աղմուկը դաժան հետևանքներ է թողնում մեր առողջության վրա։ Այլ կերպ ասած, հրավառությունը պետք է արգելվի վերջնականապես։ Եվ վերջ, այլընտրանք չկա։
Ի դեպ, պայթուցիկների վնասազերծման խնդրում բավականին պատվախնդիր է Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչությունը (վարչության պետ` Ա. Եդոյան)։ Զանգահարեք «Թեժ գիծ», նշեք այն կրպակը կամ սուբյեկտին, որոնք պայթուցիկներ են վաճառում, և ժամեր անց դրանք պարզապես կանհետանան։ Ես այդպես եմ վարվում։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ.Գ. Հուրախություն բոլորիս, խնդրի կարգավորմամբ այսօր հիմնավորապես զբաղվում են Երևանի քաղաքապետարանի ավագանին և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ Ի մասնավորի, քաղաքապետարանը նախատեսում է հրավառությունների համար սահմանել հատուկ վայրեր, հատուկ ժամեր և կարգազանցի պատժամիջոցը` տուգանք նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով։

Դիտվել է՝ 2588

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ